200220152ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում փետրվարի 20-ին տեղի ունեցավ «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի առաջին նիստը: Անդրանիկ հավաքին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության փորձագետներ: Նիստը վարում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը: Օրակարգային հարցերի թվում էին «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը, «Ինտերնետային ցանցում ԱՊՀ անդամ-պետությունների անդրսահմանային վստահության տարածքի ձևավորման հիմնական մոտեցումների» նախագիծը, ինտերնետ կառավարման սկզբունքներին համապատասխան առկա խնդիրները: Համաժողովի ընթացքում մասնակիցներն առաջարկներ ներկայացրին ՀՀ կառավարության «Ինտերնետ զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագծին: Համաշխարհային սարդոստայնի կարգավորման խնդիրների լուծումը վաղուց է անհանգստացնում ոլորտի մասնագետներին: Այդ նպատակով 2003թ. կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գագաթնաժողովում (ՏՏՀԳ) որոշվեց ստեղծել Ինտերնետ կառավարման համաժողով (ԻԿՀ), որը գործում է համաձայն 2005թ. դեկտեմբերի 18-ին Թունիսում ընդունված` Տեղեկատվական հասարակության ձևավորման ծրագրի և գործողությունների պլանի։ Հայաստանյան ինտերնետ հատվածը, որը մաս է կազմում համաշխարհային ինտերնետի, զարգանում է ուրույն առանձնահատկություններով: Այդ առումով, ոլորտի հայ պատասխանատուների համոզմամբ, Ինտերնետ կառավարման համաժողովին մասնակցություն ունենալը, փորձի փոխանակումը, նոր մոտեցումների ողջամիտ կիրառումը հնարավորություն կտան ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու գործող պրակտիկան միջազգային հանրությանը:

close